Ֆիդանը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման պայմանը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման պայմանը։ «Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում»,- Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է Hurriyet թերթի հետ հարցազրույցում։ Երկու երկրներն էլ չեն ցանկանում պարտված լինել, և թուրքական կողմը շարունակում է շփման եզրեր փնտրել Ուկրաինայի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, պարզաբանել է արտգործնախարարը։ Ֆիդանը չի բացառել, որ 2025 թվականին պատերազմող կողմերը կկարողանան փոխզիջման հասնել Թուրքիայի միջնորդությամբ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն, լավատես չէ այդ միջնորդության հարցում: Նա քննադատել է Թուրքիային` Ուկրաինային զենք մատակարարելու համար, որը, ըստ նրա, օգտագործվում է ռուս զինծառայողներին և քաղաքացիական անձանց ոչնչացնելու համար:
Լավրովի խոսքով՝ Թուրքիայի նման գործողությունները հակասում են Ուկրաինայում «ռազմական հակամարտության» կարգավորմանը միջնորդելու Անկարայի պատրաստակամությանը։ Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հաջողություն չեն ունենա նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրամանագրի պատճառով, որն արգելում է բանակցությունները Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։