«40+10» ծրագրի հետ կապված՝ ՀՀ Կառավարությունը կսկսի ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ:
Հասարակական խորհրդի նիստին մասնակցում էին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը։
ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել խորհրդի դերը՝ առկա խնդիրները լուծելու համատեքստում։ «Այս ընթացքում կարողացել ենք բավարար խնդիրներ հավաքագրել, առանձնացնել, քննարկել։ Հետևաբար ուզում եմ բոլորիս հավաքական դերը ընդգծել խորհրդի կազմում և խնդրել, որ ակտիվ լինեք»,- ասել է նախարար Սանոսյանը։
Խորհրդի նիստի առաջին մասում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է 2025 թվականին «40+10» ծրագրում սպասվող փոփոխությունները։ Ըստ նրա՝ ՀՀ Կառավարությունը կսկսի ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել։
Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված Կառավարության միջոցառումները։
«Անդրադարձ է կատարվել նաև բնակապահովման ծրագրին, որից հետո ծավալվել է հարցուպատասխան։ Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերել են բնակապահովման ծրագրի շահառու դառնալու, 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների։ Հնչեցված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։