2025-ին իրականացվելու է անասունների արհեստական սերմնավորման ծրագիր. Պապոյան
2025-ին իրականացվելու է անասունների արհեստական սերմնավորման ծրագիր: Տեղական և տոհմային սորտերով սերմնավորումն արժի 15 հազար դրամ, այս գործընթացում պետությունը կվճարի մոտ 70 տոկոսը՝ 10 հազար դրամը, իսկ գյուղացին մոտ 30 տոկոսը՝ 5000 դրամը: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչու է գրեթե կրկնապատկվել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրով նախատեսված բյուջեն:
Ըստ Պապոյանի՝ նպատակ կա անասնագլխաքանակի մեջ շատացնել տոհմային անասունների մասնաբաժինը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2025-ին մանր եղջերավոր անասունների՝ այծերի և ոչխարների ծրագիր է իրականացվելու:
«Եթե տոհմային սորտեր ենք դրսից ներմուծում, կամ Հայաստանում տոհմային քարտերով ապահովված սորտերի գնում է տեղի ունենում, ապա [պետությունը] ծախսերի 50 տոկոսը վերցնում է իր վրա: Այսինքն՝ եթե քաղաքացին ունի 200 գլուխ ոչխար, և ուզում է ազնվացնել իր հոտը, կարող է գնել 10 տոհմային ոչխար դրա համար, և պետությունը այդ ծախսի 50 տոկոսը վերցնում է իր վրա:
Այս ոլորտը բավականին զարգացել է, և Հայաստանում էլ կան ընկերություններ, մասնավորապես, վերջերս եղանք Շիրակի մարզի մի տնտեսությունում, որտեղ «բլանշ» տեսակի ոչխարներ էին բուծում: Այս ոչխարները շատ ավելի արագ են աճում, շատ ավելի մեծ են չափերով լինում, շատ ավելի շատ միս են տալիս, և այդ միսը 6-8 հազար դրամ է շուկայում՝ ի տարբերություն տեղական ոչխարների մսի: Այսինքն՝ այստեղ մենք արդյունավետության խնդիր ունենք»,- ասաց նա: