Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է հոկտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները
Հոկտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անց է կացրել հատուկ-տակտիկական, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, սեմինարներ և դասախոսություններ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանն ու մասնակիցների գիտելիքների ձևավորմանը:
Կարևորելով երկրաշարժի դեպքում բնակչության պատրաստվածությունն ու իրազեկվածությունը՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել համապատասխանաբար թիվ 153 դպրոցում, թիվ 103, 96 մանկապարտեզներում և թիվ 130 դպրոցում, 47 մանկապարտեզում: Նշված թեմաներով դասախոսություններ են անցկացվել թիվ 92, 112, 113, 162, 179, 190 և 191 դպրոցներում: Թիվ 6 դպրոցում ևս անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի ժամանակ» թեմայով:
Թիվ 79 և թիվ 157 դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Նույն թեմայով օբյեկտային վարժանքներ են իրականացվել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում, «Վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտ»-ում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, թիվ 14 դպրոցում և շտաբային ուսումնավարժություն՝ «Նորք-Մարաշ» վարչական շրջանի աշխատակազմում։ «Սեբաստիա ԱԿ»-ում ևս անցկացվել է օբյեկտային վարժանք «Անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով:
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ժամանակ արձագանքող ուժերի միջև փոխհամագործակցության կատարելագործման, գործնական հմտությունների, հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացման նպատակով «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Երևանի քաղաքապետարանում անց է կացվել «ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ հրամանատարական պատրաստության պարապմունք՝ «ՔՊ կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը» և «ՔՊ միջոցառումների իրականացումը հակառակորդի կողմից հարձակման սպառնալիքի դեպքում և հարձակումից հետո» թեմաներով:
Միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ունեցել ընդհանուր առմամբ 6248 մասնակից:
Փրկարար ծառայության կողմից իրականացվող նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, զարգացնել արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործելու հմտությունները և ապահովել առավել բարձր պատրաստվածություն՝ հնարավոր վտանգներին արձագանքելու համար։