Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ
Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Նախնական պլանավորում էինք 800 միլիոն դրամ, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 միլիարդ դրամից մի փոքր ավելի»,- ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու վերաբերյալ, որից հետո Մարգարա անցակետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։
«Մենք ստեղծել ենք պայմաններ, որը բավարար է նշված խմբի մարդկանց հոսքը սպասարկելու համար»,- եզրափակեց Բադասյանը։