Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը։
Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանից, Արգենտինայի, Ֆրանսիայի և Հունաստանի հայոց թեմերից։