Գիտնականները հերքել են վիկինգների անմարդկային դաժանության մասին կարծրատիպը
Ամերիկացի և դանիացի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ վիկինգների՝ որպես ծայրահեղ դաժան և անողոք մարտիկների կերպարն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Live Science պորտալը։
Ժողովրդական մշակույթում վիկինգները հաճախ ներկայացվում են որպես ամբողջովին անողոք կերպարներ, ովքեր կողոպտել են գյուղեր:
Ըստ գիտնականների՝ վիկինգների դարաշրջանը տևել է մ.թ. 793-ից մինչև 1066 թվականը, որը համընկնում է եվրոպական միջնադարի հետ: Այս ժամանակաշրջանում պատերազմները, ստրկությունը և ասպատակությունները սովորական իրադարձություններ էին:
«Որոշ աղբյուրներ, որոնք առավել բացասաբար են բնութագրում վիկինգներին որպես հատկապես վայրագ կամ բարբարոս, իրականում գալիս են ավելի ուշ ժամանակներից, այսինքն՝ արշավանքների սկսվելուց մի քանի հարյուր տարի անց: Այնպես որ, թերևս ժամանակի ընթացքում այստեղ մի փոքր ավելի շատ չափազանցություն կա, որն իր դերն ունեցավ այն կերպարի մեջ, որը մենք ունենք այսօր»,- նշել են հետազոտողները։
Գիտնականները նաև հակասություններ են հայտնաբերել պատմական փաստաթղթերում: Օրինակ՝ մատենագիր Պրուդենտիոսը 834 թվականին նկարագրել է, թե ինչպես են վիկինգները ոչնչացրել Դորեստադ քաղաքի բոլոր բնակիչներին ներկայիս Նիդեռլանդների տարածքում։ Ըստ մատենագրի՝ վիկինգները երեք անգամ թալանել են բնակավայրը: Այնուամենայնիվ, հնագետները չեն գտել զանգվածային գերեզմաններ կամ հրդեհների հետքեր, որոնք վկայում են Դորեստադի ջարդերի մասին: