Մոլդովայում նախագահի ընտրությանը մասնակցությունը գերազանցել է 54 տոկոսը
Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը տեղի ժամանակով 21.00-ին գերազանցել է 54 տոկոսը, ասված է Մոլդովայի ԿԸՀ-ի կայքում:
Երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցության հայտը ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի:
Մասնակցությունը Մոլդովայում նախագահի ընտրության առաջին փուլում կազմել էր 51,6 տոկոս:
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Մայա Սանդուն և երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Մոլդովայի վարած քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին:
Հիշեցնենք՝ նախագահի ընտրության առաջին փուլում Մայա Սանդուն ստացել էր ընտրողների ձայների 42,45 տոկոսը, իսկ Ստոյանոգլոն՝ 25,98 տոկոսը: Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը կստանա ընտրողների ձայների մեծամասնությունը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել էր նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։
Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել էր 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթ մտցնելու օգտին, 739155-ը (49,65%) դեմ էր արտահայտվել: