Թուրքիայում Էրդողանի դեմ ցույցեր են սկսվել
Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի շրջանակներում բողոքի ակցիաներ են սկսվել։ Գիշերը ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել Ստամբուլում և Անկարայում։
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր պահանջել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։ Ակցիաներ են եղել նաև մայրաքաղաք Անկարայում։ Երկու դեպքում էլ ցուցարարներն ու ոստիկանները ուժ են կիրառել։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը վնասվածք են ստացել, ոստիկանները դիմել են նաև արցունքաբեր գազին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունում փոխվել է 9 նախարար և 1 փոխվարչապետ, ինչը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ։
Կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են նաև գործի քննությամբ զբավող պաշտոնյանների հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։
Հիմնական Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան և այլոք։ Այս մասին գրում է allTurkey.am-ը:
Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։
Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։
Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։