Մատենադարանում բացվել է «Գիտելիք, արվեստ և արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան
Հոկտեմբերի 31-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելեց Մտենադարան՝ մեկնարկելու «Գիտելիք, արվեստ և արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան, որն իրականացվում է ԵՄ-ի կողմից KATAPULT-Artbox-ի նախաձեռնության միջոցով ֆինանսավորվող նոր ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
«Ծրագիրը կզորեղացնի ստեղծագործ մասնագետներին և թարմ մոտեցում կապահովի Հայաստանում արհեստագործության ոլորտին։
ԵՄ-ն և Հայաստանը միասին աշխատում են՝ խթանելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այս առիթով դեսպան Մարագոսը նշել է․ «Այստեղ պահպանված արվեստի և արհեստների նմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունը և մատուցում գիտելիք, որով ոգեշնչվում է այսօրվա նորարարությունը։ Ժամանակակից հետազոտական մեթոդներն ու հնագույն տեխնիկաները համատեղելով՝ այս լաբորատորիան հնարավորություն կտա կիրառել վերականգնման, պահպանման և արհեստագործության նոր մոտեցումներ՝ ամրապնդելով Հայաստանի ստեղծագործական արդյունաբերությունների ոլորտը և ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը մշակութային պահպանությանը»։