Տաջիկստանի կրթության և գիտության փոխնախարարների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով գտնվում է Դուշանբեում, հանդիպել է Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալներ Ռավշան Կարիմզոդի և Դիլշոդ Ամիրզոդայի հետ:
Հանդիպումներին ներկա են եղել նաև Տաջիկստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:
Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի բոլոր մակարդակներում ընթացող մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրն ու ակադեմիական քաղաքի նախագիծը:
Հանդիպման ընթացքում տաջիկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել, մասնավորապես, կրթական տեխնոլոգիաների բնագավառում համատեղ նախաձեռնությունների իրականացման և փորձի փոխանակման հնարավորության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ» համաշխարհային կոալիցիային, որին հետխորհրդային պետություններից անդամակցում են միայն Հայաստանն ու Տաջիկստանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների փոխանակմանը, երկկողմ երիտասարդական ծրագրերին, համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: