Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը խորհրդարանում ասել է, որ կուսակցությունն իրեն է առաջադրելու Գյումրիի քաղաքապետի թեկնածու: Նա համաձայն չէ, որ կուսակցությունն է ստիպել «Բալասանյան» դաշինքին հրաժարվել Գյումրիի քաղաքապետի պաշտոնից ու ավագանու մանդատներից, հայտնում է 1lurer-ը։
Սարուխանյանը դա համարել է քաղաքական գործընթաց: Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրության:
Կարեն Սարուխանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այն համայնքներում, որտեղ որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի տարածքային կազմակերպություններ, տարածքային կազմակերպությունների նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքներում ընտրություններում ցուցակը առաջնորդող անձնավորություններ: Գյումրիում, այո, ես եմ: Դա ընդհանուր դիրքորոշման մասով է: Մենք նաև հայտարարել ենք այդ մասին՝ այն կոնտեքստում, որ մենք պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների: Այսինքն՝ քանի որ ստեղծված իրավիճակում մենք ունենք հարցի հետագա երկու ընթացք, էսպես ասած, դրանցից մեկը ավագանու անդամների միջից նոր քաղաքապետ ընտրելն է, և հաջորդը արտահերթ ընտրություններն են, մենք քաղաքական մասով ընտրություն ենք կատարել, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների: