Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի F-16 կործանիչների սպասարկման համար
Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների տեխնիկական սպասարկման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ն այցելել է ուկրաինական Օդեսա նավահանգստային քաղաք։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունն Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի թիվս այլ բաների, կօգտագործվի սպառազինություն և F-16-երի պահեստամասեր գնելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Օսլոն պատրաստվում է 2024-2025 թթ․ Ուկրաինային մատակարարել վեց միավոր F-16, և օգնում է Դանիայում ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը։
Բացի այդ, նախարարը նշել է, որ Նորվեգիան Ուկրաինա կուղարկի 130 փչովի նավակ, իսկ առաջին մատակարարումներն արդեն կատարվել են։
Սեպտեմբերին Նորվեգիայի իշխանությունները երկարաձգել են Ուկրաինային ամենամյա օգնություն տրամադրելու ժամանակաշրջանը և այդ նպատակների համար ամեն տարի կհատկացնեն լրացուցիչ 475 միլիոն դոլար։ Այսպիսով՝ մինչև 2030 թվականը Կիևին Նորվեգիայի ընդհանուր օգնությունը ակնկալվող 7,1 միլիարդ դոլարից ավելացել է մինչև 12,8 միլիարդ դոլար: