«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման հարցով ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Հարցը նրանում է, որպեսզի Ազգային ժողովը հայտարարություն անի Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։ Նախաձեռնությունը մուտք ենք արել և, հավանաբար, նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին։ Այսինքն՝ հաջորդ քառօրյայում այդ նիստը տեղի կունենա»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ին, ժամը 14։00-ին ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենան բողոքի ակցիաներ ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց, որոնց ընթացքում միջազգային կազմակերպություներին և Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցել պատրաստվող պատվիրակներին կոչ կանեն ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի գերիներն ազատ արձակվեն։