Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։
Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ ընդգծելով, որ հոգևոր մխիթարություն և օրհնություն է վերստին գտնվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Ապա Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: