Հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակավայրեր
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի Վեդի խոշորացված համայնքի Նոր Կյանք բնակավայրի բնակիչներից ստացել է գրավոր դիմում, որով նրանք խնդրել են հանձնաժողովին աջակցել բնակավայրերում ստեղծված խնդրի լուծմանը:
Հարցին ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը հոկտեմբերի 30-ին այցելել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Նոր Կյանք, Ոսկետափ եւ Այգավան բնակավայրեր:
Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները պատգամավորներին տեղեկացրել են, որ 2023 թվականին կատարված հիմնանորոգումից հետո Նոր Կյանք, Ոսկետափ եւ Այգավան բնակավայրերով անցնող հանրապետական նշանակության H-8 ավտոճանապարհով անցնող տրանսպորտային միջոցների հոսքն ավելացել է, երթեւեկությունը դարձել վտանգավոր: Վարորդները գերազանցում են սահմանված արագությունը, որը հանգեցնում է դժբախտ պատահարների:
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի խոսքով այս ճանապարհահատվածում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, կան հետիոտների վրաերթի դեպքեր: Չեն օգնում նաեւ բնակավայրերի կենտրոնական հատվածներում տեղադրված արհեստական անհարթությունները: Հարցի լուծումը, ըստ համայնքների բնակիչների, Նոր Կյանք, Ոսկետափ եւ Այգավան համայնքների մուտքերի մոտ արագաչափերի տեղակայումն է:
ԱԺ պատգամավորներն ու հանդիպման մասնակիցները եղել են ավտոճանապարհի համապատասխան մասերում, քննարկել առաջարկությունը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է բնակիչների անվտանգության ապահովումը եւ նշել է, որ հարցին լուծում տալու նպատակով աշխատանքներ կտարվեն համապատասխան պետական մարմինների հետ:
Այցի շրջանակում պատգամավորները հանդիպման մասնակիցների հետ քննարկել են նաեւ գյուղատնտեսությանն առնչվող խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերել են գյուղմթերքների մթերմանը, հողերի լաբորատոր ախտորոշման անհրաժեշտությանը, գյուղատնտես-մասնագետներ ունենալուն եւ ոռոգման ջրին: