Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումն իրականացվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։
Հյուսիսային Կորեան հաստատել է հրթիռի արձակումը։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը ցույց է տալիս երկրի կամքը՝ հակազդելու մրցակիցներին, որոնց նա մեղադրում է տարածաշրջանում իրավիճակը սրելու մեջ։ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը նշել է, որ արձակման կարևորությունն այն է, որ թարմացվել է ռազմավարական հրթիռների հզորության ռեկորդը։
Ճապոնիայի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ նախնական գնահատումների համաձայն՝ հրթիռի անկման շրջանը պետք է գտնվի Օկուսիրի կղզուց 300 կմ դեպի արևմուտք՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:
Սա Հյուսիսային Կորեայի 12-րդ հրթիռային արձակումն է 2024 թվականին։ Իսկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Փհենյանը վերջին անգամ փորձարկել էր 2023 թվականի դեկտեմբերին: