Եվրահանձնաժողովը Վրաստանի իշխանությունների գործողությունները համարում է խոչընդոտ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը «գործնականում դադարեցվել է Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Թեև 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց, սակայն ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը դե ֆակտո դադարեցված է այն գործողությունների պատճառով, որոնք Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է 2024 թվականի գարնանից», - ասվում է Եվրահանձնաժողովի կողմից հոկտեմբերի 30-ին հրապարակված կոմյունիկեում:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացված ընտրություններին, որոնց ընթացքում, ըստ Եվրահանձնաժողովի, արձանագրվել են «որոշ թերություններ»:
«Թերությունները ներառում են, այդ թվում, ընտրական գործընթացի վերջին օրենսդրական փոփոխությունները, հաճախակի փոխզիջումներ քվեարկության գաղտնիության հարցում, ընթացակարգային անհամապատասխանություններ, ահաբեկումներ և ընտրողների վրա ճնշումներ, որոնք բացասաբար են ազդել գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա», - նշել են Բրյուսելում։
Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին հարկավոր է «համապարփակ ընտրական բարեփոխում, ինչն արդեն ընդգծվել է անցյալ հիմնական հանձնարարականներում»։
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել իր ամենամյա «ընդլայնման փաթեթին»։ Այս հաշվետվության մեջ հանգամանորեն գնահատվում են այն իրավիճակը և առաջընթացը, որին հասել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան ԵՄ-ին անդամակցության իրենց ճանապարհին։