Վերականգնողական շրջան՝ դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո. ինչի՞ց զգուշանալ
Դեմքի պլաստիկ վիրահատությունից անմիջապես հետո հիվանդը կարող է զգալ անհարմարություն՝ կապված կոմպրեսիոն վիրակապ կրելու հետ: Չի կարելի ինքնուրույն շարժել կամ հեռացնել վիրակապը, քանի որ դա կարող է հանգեցնել մի շարք բարդությունների զարգացման և ազդել պլաստիկ վիրաբուժության արդյունքների վրա։
Եթե ինչ-որ անհանգստություն առաջանա, պետք է դիմել վիրաբույժին կամ բժշկական անձնակազմին: Վիրահատությունից հետո մի քանի օր պետք է քնել միայն մեջքի վրա՝ մահճակալի գլուխը բարձրացրած։
Վիրահատությունից մեկ օր անց հիվանդին զննում է բժշկը, փոխվում են դեմքի ու պարանոցի վիրակապերը։ Բժիշկը խորհուրդներ է տալիս հետագա վերականգնման համար։ Անհրաժեշտության դեպքում կարող են նշանակվել ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ՝ հեմատոմաների և այտուցների արագ վերացման համար, փոխանցում է Aysor.am-ը։
Շատերին հետաքրքրում է, թե որքան ժամանակ պետք է կրել վիրակապը: Այն սովորաբար հեռացվում է կլինիկայում՝ վիրահատությունից 3-4 շաբաթ անց: Հեմատոմաները և այտուցները նորմալ երևույթ են, որոշ ժամանակ անց դրանք ինքնուրույն կանհետանան։
Վիրաբուժության կենտրոնում կարերը հեռացնում է մասնագետը՝ 8-10-րդ օրը։ Դրանից հետո կարելի է գնահատել պլաստիկ վիրաբուժության առաջին արդյունքները։ Կլինիկա հետագա այցելությունների հաճախականությունը կախված կլինի վիրահատության բարդությունից և վերականգնման գործընթացների արագությունից: Վերականգնողական շրջանի տևողությունը յուրաքանչյուրի համար տարբեր է։ Վերջնական բուժումը տեղի է ունենում 1-6 ամիս հետո:
Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել վիրահատությունից հետո
Վիրահատության 4-շաբաթյա վերականգնողական շրջանում արգելվում է մազերի քիմիական ներկումը։ Երկու ամիս արգելվում է տաք լոգանք ընդունելը, սաունաները, սպորտով զբաղվելը և ծանր ֆիզիկական աշխատանքը։ Երկու ամիս չի կարելի լողալ բաց ջրերում, լողավազաններում, արևայրուք ընդունել կամ մերսում անել։
Ցանկալի է 14 օր խուսափել սեռական հարաբերությունից, քանի որ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման, ինչը բացասաբար է անդրադառնում բուժման գործընթացի վրա։
Վիրահատությունից հետո մաշկը կարող է ժամանակավորապես ձգվել: Դա միանգամայն նորմալ է։ Անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել ակտիվ դիմախաղը՝ մաշկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Վիրահատությունից հետո 14 օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել միայն հեղուկ և խյուս սնունդ։ Դա կօգնի նվազեցնել դեմքի ծամող մկանների բեռը և արագացնել վերականգնումը։