Տավուշում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք
Հոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք:
Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։
Վարժանքի նպատակն էր ստուգել ՔՈՓ թիմի ղեկավարման շտաբի ծավալումը, փրկարարական աշխատանքների համակարգումը, ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և հատուկ գործիքների հետ աշխատելու կարողությունները։
Գործողությունների ընթացքին տեղում հետևում էր ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։
Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը 3 փուլով խաղարկել է Տավուշի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ մոբիլիզացիա, տեղափոխում աղետի գոտի և գործողությունների ծավալում, դեմոբիլիզացիա։
Համաձայն սցենարի՝ սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 06։45-ին, Ազատամուտ բնակավայրում տեղի էր ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում էր 15 կմ խորության վրա: Կային մեծ ավերածություններ, զոհեր և վիրավորներ։ Տուժել էր մոտ 2300 մարդ։
Փրկարարների կողմից պայմանական աղետի գոտում ձևավորվեց վրանային ավան, որի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին հետախուզական և փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:
Տեղամասերում իրականացվեցին պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակներում մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրսբերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարհանում։
Վարժանքի ավարտին Ա․ Գևորգյանն ամփոփել է կատարված աշխատանքների արդյունքները՝ կարևորելով ազգային մակարդակում ՔՈՓ թիմերի առկայությունը և համաձայն ԻՆՍԱՐԱԳ-ի մեթոդաբանության՝ թիմերի կարողությունների զարգացումը։