Իսպանիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի
Վալենսիայի ինքնավար համայնքում հեղեղումների զոհերի թիվը հասել է առնվազն 62-ի։ Սա ամենամահաբեր հեղեղումն է, որ տեղի է ունեցել Իսպանիայում գրեթե 30 տարվա ընթացքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Դեռ կան անհետ կորածներ, իսկ որոշ մարդիկ մեկուսացված են մնացել, քանի որ փրկարարական ծառայությունները չեն կարողանում հասնել նրանց։
Հեղեղումների պատճառով Մադրիդ և Բարսելոնա մեկնող գնացքների երթևեկությունը չեղարկվել է, տուժած շրջաններում փակվել են դպրոցները։
1996 թվականին Իսպանիայում հեղեղումների հետևանքով 87 մարդ էր զոհվել։
Գիտնականներն ասում են, որ եղանակային ծայրահեղ երևույթներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։ Օդերևութաբանները կարծում են, որ Միջերկրական ծովի տաքացումը, որը մեծացնում է ջրի գոլորշիացումը, էականորեն նպաստում է տեղատարափ անձրևների ուժգնացմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հեղեղումները 51 զոհի պատճառ են դարձել։