Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային համաժողովին
Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՍՀ նախարարությունը:
Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 2000 անձ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական առաջնորդներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլք։
Երկօրյա միջոցառումը նպատակ ունի հարթակ ստեղծել քաղաքականություն մշակողների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ ներգրավելու և քննարկելու ընտանիքի վրա ունեցած ժամանակակից մեգաթրենդների ազդեցությունը։ Այն նաև ուղղված է Կատարում, տարածաշրջանում և աշխարհում առողջ, կրթված ու մշակութային հասարակությունների ստեղծմանը՝ հիմնված ամուր և համախմբված ընտանիքների վրա:
Հաղորդագրությունում նշված է, որ համաժողովի շրջանակում նախատեսված ելույթներն ու քննարկումները հիմնականում կծավալվեն ժողովրդագրական փոփոխության, միգրացիայի և քաղաքաշինության, տեխնոլոգիական և կլիմայի փոփոխությունների ուղղություններով։
Համաժողովի շրջանակում նախարար Մկրտչյանը կմասնակցի նաև ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին, ինչպես նաև «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։
Համաժողովը կազմակերպել է Դոհայի միջազգային ընտանեկան ինստիտուտը (DIFI)՝ Ընտանիքի միջազգային տարվա 30-ամյակի կապակցությամբ։