Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:
Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հաջորդիվ՝ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են կազմկոմիտեի կազմում փոփոխություններին, խաղերի խորհրդանիշի հաստատմանը, խաղերի անցկացման վայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը և այլն: Օրակարգային հարցերի շրջանակում կազմկոմիտեի անդամների որոշմամբ խաղերի գլխավոր մրցավար է ընտրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Նիստի անդամները մտքեր են փոխանակել նախապատրաստական այլ հարցերի շուրջ:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի, ընթացիկ խնդիրների դեպքում ներկայացնել դրանց լուծման հնարավորություններն ու քայլերը, որոնք կքննարկվեն հաջորդ նիստի ընթացքում: