Մի բան ակնհայտ է՝ Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան. Աբրահամյան
«Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է: Ե´վ իշխանությունը, և´ ընդդիմությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, իսկ գլխավոր խնդիրը մարտավարական հարցերի մեջ է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, իշխող ուժը գիտակցում է ՌԴ դերակատարությունը և´ որպես հարևանի, և որպես աշխարհաքաղաքական գործոնի և որքան էլ հարաբերությունները սառն են կամ նվազագույն մակարդակում, իր առաջ խնդիր է դրել թույլ չտալու, որպեսզի դրանք թշնամականի վերածվեն:
«Ընդդիմադիր ուժերը ՌԴ-ի հետ վերաբերմունքի առումով ընդգծված կոշտ դիրքավորման կողմնակից են, սակայն որոշ հարցերի շուրջ նրանց տեսակետները տարբերվում են:
Կարծում եմ, որ իշխող ուժի ընտրական հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նրա առաջ քաշած խաղաղության բանաձևն առավել ընկալելի էր վրաց հասարակության լայն շերտերի համար:
Պարզ ասած, նրանք ասում են, որ եթե երկրում հաղթեր ընդդիմությունը, ապա Վրաստանից նոր հակառուսական ճակատ կբացվեր` իր հետ բերելով նոր պատերազմ նոր կորուստներ:
Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան»,- գրել է Տ.Աբրահամյանը։