Ռոնալդուն առաջին անգամ վրիպել է 11-մետրանոցից Ալ-Նասրում
Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Տաավունին»։ Խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
71-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է «Ալ-Տաավունի» պաշտպան Ֆլավիոն։ Ընդ որում, «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղի 90+6-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել նշանակված 11-մետրանոցը։ Այսպիսով, Ռոնալդուն առաջին անգամ է վրիպում 11-մետրանոցից «Ալ-Նասրում» հանդես գալու ողջ ընթացքում։ Այս հանդիպումից առաջ պորտուգալացին Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի կազմում իրացրել է բոլոր 19 հարվածները։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։