38-ամյա տղամարդը հողամասում կանեփ է աճեցրել, պահել ու օգտագործել թմրամիջոց
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 38-ամյա տղամարդը հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց:
Ոստիկանները այցելել են Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի նշված հասցե։ Տանտերը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 60 գրամ զանգված։
Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:
Տնամերձ հողամասում կանեփ աճեցնելու և թմրանյութ օգտագործելու վերաբերյալ հաջորդ տվյալը ստուգելու նպատակով Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեկնեցին Բաղրամյան գյուղ: 57-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 28 գրամից ավելի զանգված: Հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: