«Ակադեմիական քաղաք» ծրագրի առկայության պայմաններում` նախարարությունը բուհերի մասով մեծ կապիտալ ծախսեր չի նախատեսում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի պետական բյուջեով բուհերի ուղղությամբ մեծ կապիտալ ծախսեր չի նախատեսում «Ակադեմիական քաղաք» ծրագրի առկայության պայմաններում, սակայն բուհերի վերազինման և հագեցման աշխատանքները շարունակական են լինելու։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բուհերում անընդհատ տեղի են ունենում վերանորոգման և գույքի հագեցման աշխատանքներ, և այդ ամենը պարբերաբար լուսաբանվում է։ Քանի որ ունենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որտեղ ամբողջական նոր ենթակառուցվածքներ են նախատեսվում, չենք տեսնում նպատակահարմարություն էական նոր կապիտալ շինարարություն Երևանում գտնվող ենթակառուցվածքներում, հետևաբար պետության կողմից չի խրախուսվում նոր մասնաշենքերի կառուցում կամ այնպիսի բնույթի կապիտալ ծախսերի իրականացում, որոնք հետագայում չեն օգտագործելու կամ դրանց արդյունավետության խնդիր է բարձրացվելու»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե բուհերն այս պահին իրենց լաբորատորիները վերազինում են, սարքավորումներ են ձեռք բերում և տարրական կոմունալ պայմաններ են ապահովում, այդ դեպքում որևէ խնդիր չի տեսնում։