Մակուղեղի հետ կապված ամենահաճախ հանդիպող հիվանդությունները
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկն է:
Չնայած իր փոքր չափսին, մակուղեղն արտադրում է բազմաթիվ հորմոններ, որոնց մի մասն ուղղակիորեն ազդում է օրգանիզմի վրա, իսկ մյուսները հսկում են ներզատական այլ գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը։
Մակուղեղը տեղակայված է ուղեղի միջին շրջանում: Մակուղեղը շատ փոքր է, ունի ընդամենը 0,5-0,6 գրամ կշիռ և իր չափսով նմանվում է սիսեռին:
Մակուղեղի գործունեությունը վերահսկվում է երկու ճանապարհով. ուղեղի մեկ այլ շրջանից՝ հիպոթալամուսից ստացվող ազդանիշներով և ներզատական այլ գեղձերի հորմոնների ընկալելի մակարդակներով, փոխանցում է Aysor.am-ը։
Մակուղեղի արտադրած հորմոններն են՝
աճի հորմոն, որը կարգավորում է օրգանիզմի աճը,
թիրեոտրոպ հորմոն, որը դրդում է վահանաձև գեղձին, որպեսզի վերջինս արտադրի իր հորմոնները,
պրոլակտին, որը հսկում է կրծքագեղձի կողմից կաթի արտադրությունը,
վերարտադրողական ցիկլի մեջ ներգրավված լյուտեինացնող և ֆոլիկլուլախթանիչ հորմոններ,
ադրենոկորտիկոտրոպ հորմոն, որն օգնում է մակերիկամների գործունեության հսկողությանը,
օքսիտոցին, որը մասնակցում է ծննդաբերության և կրծքով կերակրման գործընթացներին,
հակադիուրետիկ հորմոն, որն օգնում է օրգանիզմի կողմից հեղուկների փոխանակության կարգավորմանը:
Ախտահարված մակուղեղը կարող է ուժեղացնել կամ թուլացնել իր հորմոնների արտադրությունը: Գեղձը կարող է նաև հանդիսանալ ուռուցքի շրջան՝ ճնշելով հարակից ուղեղային հյուսվածքները: Մակուղեղի ուռուցքների մեծ մասը բարորակ բնույթի է և կարող է խնդիրներ առաջացնել, եթե ուռուցքը մեծանում է՝ զբաղեցնելով համեմատաբար մեծ տարածք կամ զարգանում են հորմոնային կտրուկ շեղումներ:
Ստորև ներկայացնում են մակուղեղի հետ կապված ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները:
Հիպերպրոլակտինեմիա (պրոլակտինի ավելցուկ), որը կանանց մոտ առաջացնում է դաշտանի քչացում կամ դադարեցում, հղիացման հետ կապված դժվարություններ և ծննդաբերության հետ կապ չունեցող կրծքագեղձերում կաթի արտադրություն:
Աճի հորմոնի պակաս, որը երեխաների մոտ հետաձգում է մարմնի աճն ու զարգացումը և բերում է գաճաճահասակության, ոչ հազվադեպ՝ նաև հոգեկան թերզարգացման և ինֆանտիլիզմի: Չափահասների մոտ աճի հորմոնի պակասն առաջացնում է ընդհանուր և մկանային թուլություն, ինչպես նաև կարող է ազդել ոսկրերի առողջության վրա:
Հիպոպիտուիտարիզմ, երբ մակուղեղի բոլոր հորմոնների անբավարարությունը առաջացնում է բազմաթիվ ախտանիշներ:
Մակուղեղի հետ կապված հազվադեպ զարգացող հիվանդություններից են՝
գիգանտիզմ, երբ դեռահասն աճում ու դառնում է խիստ բարձրահասակ,
ակրոմեգալիա, երբ չափից դուրս աճում և մեծանում են չափահաս մարդու ձեռքերը, ոտնաթաթերը և ստորին ծնոտը,
Քուշինգի համախտանիշ, երբ օրգանիզմը սկսում է արտադրել չափից դուրս շատ ստերոիդ հորմոններ: