Ճապոնիայում իշխող դաշինքը 2009 թվականից ի վեր առաջին անգամ կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում
Ճապոնիայում իշխող կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)՝ նոր վարչապետ Սիգերու Իսիբայի նախագահությամբ, և «Կոմեյտո» կուսակցությունը, հոկտեմբերի 27-ին կայացած ընտրությունների արդյունքներով կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի առանցքային ստորին պալատում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների վերջնական տվյալները։
Բոլոր ընտրատարածքներում ձայների հաշվարկի արդյունքներով՝ իշխող դաշինքը ստացել է 215 տեղ՝ մեծամասնության համար անհրաժեշտ 233 տեղից: Ըստ որում ԼԴԿ-ն ստացել է միայն 191 մանդատ՝ կորցնելով 67 մանդատ խորհրդարանի ստորին պալատում, որտեղ, մասնավորապես, քվեարկում են վարչապետի թեկնածության օգտին։
Ընդ որում, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում միագումար ստացել են 250 տեղ: Ընդդիմության շրջանում ամենամեծ թվով՝ 148 մանդատ ստացել է երկրի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), որը գլխավորում է նախկին վարչապետ Յոշիհիկո Նոդան՝ բարելավելով իր ցուցանիշը 50 մանդատով։
Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, թե իշխանությունն անպայման կանցնի ընդդիմությանը. Ճապոնիայի կառավարության հետագա ճակատագիրը կորոշվի համաձայնությունների միջոցով, որոնց կուսակցությունները կարող են հասնել միմյանց միջև: Իսիբան արդեն հայտարարել է, որ դիտարկում է իշխող կոալիցիայի ընդլայնման հնարավորությունը՝ իր կաբինետի ձևավորման համար անհրաժեշտ տեղեր ստանալու համար։ Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է համաձայնության գալ ընդդիմության հետ։
Ընդդիմադիր փոքր կուսակցությունների առաջնորդներն արդեն հայտարարել են, որ խոսք լինել չի կարող ԼԴԿ-ի հետ կոալիցիայի մասին։ Սակայն կոալիցիոն կառավարության ձևավորման հետ կապված դժվարություններ են սպառնում նաև հիմնական ընդդիմադիր ՍԴԿ-ին, քանի որ այն որոշ հարցերի շուրջ տեսակետների լուրջ տարաձայնություններ ունի փոքր ընդդիմադիր կուսակցությունների հետ։
2009 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԼԴԿ-ի գլխավորած իշխող դաշինքն ընտրությունների արդյունքներով չի կարողացել ստանալ խորհրդարանի ստորին պալատի տեղերի կեսից ավելին. այն ժամանակ երկրում իշխանությունը մի քանի տարով անցել էր այժմ գոյություն չունեցող Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությանը: