Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գիտության հիմնադրամի ստեղծման հնարավորությունը
2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել են ԱՄՆ գիտությունների ազգային հիմնադրամի (ԳԱՀ) տնօրեն դոկտոր Սեթուրաման Փանչանաթանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման նպատակն էր նպաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության խորացմանը և քննարկել Հայաստան-ԱՄՆ գիտության հիմնադրամի ստեղծման հնարավորությունները:
«ԳԱՀ տնօրենը ներկայացրեց ԳԱՀ-ի հիմնական նպատակներն ու արժեքները՝ ընդգծելով գիտական առաջադիմության հնարավորությունների ստեղծման կարևորությունը ողջ երկրով մեկ և կարևորելով միջազգային համագործակցության դերը գիտական հետազոտությունների առաջխաղացման գործում:
ԿԲ նախագահ Գալստյանը ներկայացրեց Հայաստանի կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգը՝ նշելով, որ դրա շնորհիվ Հայաստանն արագորեն վերածվել է նորարարության և ձեռներեցության տարածաշրջանային կենտրոնի:
Դեսպան Մակունցը առաջարկեց դիտարկել ԳԱՀ պատվիրակության՝ Հայաստան այցելությունը՝ ուսումնասիրելու համագործակցության փոխշահավետ հնարավորությունները, ի շահ երկու ժողովուրդների: Ե՛վ դոկտոր Փանչանաթանը, և՛ հայկական պատվիրակության անդամներն ընդգծեցին ամերիկահայ համայնքում առկա գիտական զգալի ներուժը և դրա պոտենցիալ ներդրումը երկու երկրների համար:
Հանդիպումն ավարտվեց ԳԱՀ Միջազգային գիտության և ճարտարագիտության գրասենյակի ներկայացուցիչների կողմից ԳԱՀ հատուկ ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվական հատվածով, որին մասնակցեցին ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Գրիգորյանը և ԳԱՀ մի շարք ծրագրերի տնօրեններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ գիտությունների ազգային հիմնադրամն անկախ դաշնային գործակալություն է, որն աջակցում է գիտության և ճարտարագիտության ոլորտներին ԱՄՆ բոլոր 50 նահանգներում և տարածքներում:
ԳԱՀ-ը հիմնադրվել է 1950 թվականին Կոնգրեսի կողմից՝ խթանելու գիտության առաջընթացը, առաջ մղելու հանրային առողջությունը, բարգավաճումը և բարեկեցությունը և երաշխավորելու ազգային պաշտպանությունը: