Բանակում մահվան դեպքերն այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազել են. ՊՆ խոսնակ
Բանակում մահվան դեպքերը 2024 թվականին 2023 թվականի համեմատ գրեթե կրկնակի նվազել են:
Լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ՝ նախորդ՝ 2023–ի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են»,–ասաց Թորոսյանը:
Այս տարի բանակում գրանցվել է մահվան 33 դեպք: Խոսնակն ընդգծեց՝ շատ փորձագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը ներկայացնում են, որ այս տարի բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, սակայն չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել, քանիսը՝ ոչ։
«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքերից 5–ը դժբախտ պատահարի հետևանքով է տեղի ունեցել, 2–ը՝ ավիավթարի, 5–ը՝ հիվանդության հետևանքով, 11–ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7–ը ծառայության հետ կապված չէ»,–ասաց Թորոսյանը:
Նա նաև ներկայացրեց իրականացվող կանխարգելիչ մի շարք աշխատանքներ:
Համաձայն Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրությունների և հրամանների՝ զորամասերում իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ: «Մասնավորապես զորամասերում վերահսկողության իրականացնելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնախեղումների և ինքնասպանության հասցնելու, ինքնասպանության արտահաստիքային խմբի աշխատանքներով պլանային աշխատանքով նախատեսված խնդիրներին: Նաև ռիսկային խմբում գտնվող զինծառայողների հետ տարվում են մի շարք աշխատանքներ»,–ասաց նա:
Մշակվել և գործողության են դրվել ինքնասպանության և ինքնախեղումների կանխարգելման, ինչպես նաև զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելման մեթոդական ձեռնարկները: Խոսնակը նշեց, որ ԶՈՒ–ում հավաք–խորհրդակցությունների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման, ինչպես նաև դիտակետում, դիրքում, հենակետում քնած կամ քնող զինծառայողի նկատմամբ ոչ կանոնագրքային գործողությունների դեպքերին:
Նրա խոսքով՝ ԳՇ պետի հրամանով՝ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորված աշխատանքային խմբերը պարբերաբար աշխատանքներ են իրականացնում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմերի հետ: Նաև նախատեսված է առաջիկայում մշակել և ԶՈՒ սպա հոգեբանների և հրահանգիչների համար գործողության դնել Ինքնասպանության ռիսկի գնահատման, կանխարգելման և կառավարման ուսուցման ծրագիր ձեռնարկը։