Նշանակումից երկու տարի անց դատարաններում դեռ վիճարկվում է Էջմիածնի մշակույթի պալատի տնօրենի ընտրությունը. «Հետք»
Արդեն երկու տարի է՝ Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը դատարաններում պայքարում է, որպեսզի անվավեր ճանաչվի մշակույթի պալատի գործող տնօրենի հետ կնքված պայմանագիրը, քանի որ նա չի ունեցել համապատասխան մասնագիտական ստաժ, հետևաբար չէր կարող մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Դատական շրջապտույտից հետո գործը դարձյալ հայտնվել է առաջին ատյանի դատարանում, հայտնում է «Հետք»-ը:
Ալվինա Համբարձումյանը 2015թ. հունիսի 12-ից մինչև 2022թ. մայիսի 30-ը ներառյալ, հանդիսացել է Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենը: Էջմիածնի համայնքապետարանի՝ Վաղարշապատ խոշորացված համայնք դառնալու կապակցությամբ ավագանու որոշումներով՝ ի թիվ այլ ՀՈԱԿ-ների, լուծարվել է նաև Էջմիածնի համայնքապետարանի «Կոմիտասի անվան Մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը:
Այնուհետև, Արմավիրի մարզի Վաղարշապատի համանքապետարանը հայտարարել է մրցույթ՝ «Կոմիտասի անվան մշակույթի պալատի» տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտարարված մրցույթի պարտադիր պայման է համարվել համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը՝ վկայակոչելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵՆ) համապատասխան հրամանը:
Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնող հանձնաժողովը որոշել է հայտարարված մրցույթին թույլատրել մասնակցելու Ալվինա Համբարձումյանին և Հասմիկ Ադամյանին: Այնուհետև հաստատվել է մրցույթի մասնակիցների ցուցակը: Ամփոփելով թեստավորման արդյունքները՝ մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել երկու մասնակիցներին էլ: Հաղթող մասնակիցները դիմում են ներկայացրել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:
Մրցույթի ամփոփումից անմիջապես հետո՝ նույն օրը, Ա. Համբարձումյանը բողոք է ներկայացրել Վաղարշապատ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Հարությունյանին այն մասին, որ մասնակիցներից Հասմիկ Ադամյանը չունի համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: Ի լրումն ներկայացված բողոքի՝ Ա. Համբարձումյանը ներկայացրել է նախարարի տեղակալի կողմից իրեն ուղղված գրությունը, ըստ որի՝ համապատասխան բնագավառը իրենից ներկայացնում է համապատասխան ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված գործունեության ոլորտներն ընդգրկող բնագավառներում մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը՝ անկախ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորումից: Միաժամանակ նախարարի տեղակալը հայտնել է, որ անգլերեն լեզվի ուսուցչի 3 տարվա աշխատանքային ստաժով ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնելու վերաբերյալ հարցադրմանը հստակ դիրքորոշում կարող է ներկայացվել տվյալ անձի անձնական գործի ուսումնասիրությունից հետո միայն։
Սակայն, Վաղարշապատ համայնքի ղեկավարը մրցույթի արդյունքը՝ Հասմիկ Ադամյանի և Ալվինա Համբարձումյանի վերաբերյալ, թողել է անփոփոխ: Որոշումը պատճառաբանվել է այն փաստարկով, որ մրցույթից հետո համայնքապետարանը հարցում է ուղարկել ՏԿԵՆ պարզելու համար, թե արդյո՞ք Հասմիկ Ադամյանը, ունենալով 10 տարվա օտար լեզվի դասախոսի և շուրջ 25 ամսվա համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ, կարող էր մասնակցել մրցույթին, թե՞ ոչ: Ի պատասխան համայնքապետարանի հարցմանը՝ նախարարի տեղակալը պատասխանել է, որ այո, Հասմիկ Ադամյանը կարող էր մասնակցել անցկացվող մրցույթին՝ հաշվի առնելով, որ վերջինս ունի 10 տարվա օտար լեզվի դասախոսի և շուրջ 25 ամսվա համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: