Ռեալի ղեկավարության անդամները կարծում են, որ Անչելոտին պետք է հեռանա ակումբից
Մադրիդի «Ռեալի» ղեկավարության որոշ հեղինակավոր դեմքեր «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:4) համոզվել են, որ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պետք է հեռանա թիմից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ղեկավարության որոշ ներկայացուցիչներ, որոնց անունները չի բացահայտվում, դժգոհ են թիմում առօրյա աշխատանքի ընթացքից, գոհ չեն նաև երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ մարզչի վերաբերմունքից և նրանց նկատմամբ անվստահությունից. խոսքը, մասնավորապես, թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի մասին է, որը դեռ իր շանսը չի ստացել Անչելոտիից։
Ղեկավարությունը բարձր է գնահատում Կառլոյի ներդրումը ակումբի վերջին տարիների հաջողություններում, սակայն կարծում է, որ նրա ժամանակը թիմում ավարտվել է։ Աղբյուրը նշում է, որ հանդերձարանում լարվածություն է սկսվել խաղացողների միջև:
Սակայն նշվում է, որ Անչելոտին, անկախ ամեն ինչից, ունի Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսի վստահությունը։
Անչելոտին միակ գլխավոր մարզիչն է, որը հինգ անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան (երկու անգամ «Միլանի» հետ և երեք անգամ՝ «Ռեալի» հետ) և միակ մարզիչն է, որը ղեկավարել է թիմերը վեց եզրափակիչներում (2003, 2005, 2007, 2014, 2022, 2024), փոխանցում է Armsport-ը։