Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսվել են
Կատարի մայրաքաղաք Դոհայում հոկտեմբերի 27-ին մեկնարկել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջնորդների միջև բանակցությունների նոր փուլը, որի ընթացքում նրանք կփորձեն համաձայնության հասնել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման հարցում, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Սա բանակցությունների առաջին փուլն է ավելի քան երկամսյա ընդմիջումից հետո։
Ըստ լրատվամիջոցի՝ ընթացիկ հանդիպմանը մասնակցում են բարձրաստիճան բանակցորդներ ԱՄՆ-ից, Իսրայելից և Կատարից։
Հոկտեմբերի 27-ին ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հրապարակայնորեն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է համաձայնության գալ երկօրյա հրադադարի շուրջ, որի ընթացքում ազատ կարձակվեն Գազայի հատվածում պահվող չորս իսրայելցի պատանդներ՝ Իսրայելում բանտարկված մի քանի պաղեստինցիների դիմաց։ Բացի այդ, նախաձեռնությունը ենթադրում է, որ պաղեստինյան անկլավ կհասցվի հումանիտար օգնություն։
Իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է հանդես եկել Եգիպտոսի նոր առաջարկին։
Եգիպտոսը Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին հիմնական միջնորդն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 42 900 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100 400-ը։ Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։