Տունը թալանած գողը րոպեներ անց հայտնաբերվել ու ձերբակալվել է. գողոնն առգրավել են
Հոկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում բնակարանային գողություն է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները Ազատության պողոտա 25 շենքի բակում նկատել են կասկածելի 2 քաղաքացիների, իսկ վերջիններս, տեսնելով ոստիկաններին, դիմել են փախուստի։
Համայնքային ոստիկանները հետապնդել են նրանց և հաջողվել է մեկին բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Արդեն տեղում պարզվել է, որ նա Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ա․-ն է, ում ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քր․ օր․-ի (2003 թ.) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք ու խափանման միջոց է եղել կալանքը, սակայն 2022 թվականին օգոստոսին 1 մլն 500 հազար դրամ գրավի դիմաց նրա կալանքը փոփոխվել է։
Ոստիկանությունում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ նոր բանալի, 2 հատ արծաթագույն վզնոց, 2 հատ վզնոց՝ կախազարդով, 5 հատ արծաթագույն մատանի, 4 զույգ արծաթագույն ականջօղ և 1 հատ ականջօղ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նաև տուժած անձին, ով ՌԴ քաղաքացի է և կան կասկածներ, որ Ռազմիկ Ա․-ի մոտ հայտնաբերված ապրանքները պատկանում են այդ կնոջը։
Վերջինս հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ռազմիկ Ա․-ն կազմված փաստաթղթերով ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։