ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել․ կա 4 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի բաժանարար գոտու կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մինչ շտապօգնության ժամանումը վիրավորներից 2-ին պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփի միջից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն։
Տեղում պարզվել է, որ քննությամբ պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը, քանի որ վարորդներից մեկը զինվորական է։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։