Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե
Վրաց ժողովուրդն անվիճելի ընտրություն է կատարել, այն ընտրել է խաղաղությունը ու ընտրել երկրի զարգացումը, եվրոպական լուսավոր ապագան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հրավիրված ճեպազրույցում:
Նախնական տվյալով՝ 3100 ընտրատեղամասերից (99,646%) ստացված արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում, «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54,09 տոկոսը (1 117 480 ընտրող):
Ինչ վերաբերում է 4 ընդդիմադիր միավորումներին, ապա նրանք միասին հավաքել են ընտրողների ձայների 37,6 տոկոսը:
«Ինչպես գիտեք, ընտրությունը ցանկացած երկրի կյանքում կարևոր պահ է, և այս ամենակարևոր պահին վրաց ժողովուրդը աջակցեց մեզ և արեց անվիճելի ընտրություն: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որը մասնակցել է մեր ընտրարշավին»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետի խոսքով՝ իշխող կուսակցությունը ստացել է 1,12 միլիոն ընտրողի ձայն, ինչը ռեկորդային է 2012-ից ի վեր:
«Հաղթանակը շատ տպավորիչ էր»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը անգամ չի համարձակվել հավաքվել ԿԸՀ-ի շենքի մոտ խորհրդարանի նախնական տվյալների հրապարակումից հետո, ինչը վկայում է «Վրացական երազանքի» համոզիչ հաղթանակի մասին:
Կոբախիձեն ընդգծել է, որ խորհրդարանը կսկսի աշխատել սովորական ռեժիմով:
«Սովորականի պես, կհրավիրվի խորհրդարանի առաջին նիստը, այն կսկսի իր աշխատանքը, կառավարության կազմը կհաստատվի, և գործընթացները կշարունակվեն մեր երկրի համար սովորական ռեժիմով»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: