«Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հայտնի են «ՌեԱ» 16-րդ փառատոնի մրցանակակիրները
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնը, որն անցկացվեց հոկտեմբերի 20-26-ը Երևանում, արվեստասերներին հնարավորություն տվեց դիտել 250-ից ավելի հետաքրքիր ֆիլմեր, մասնակցել շնորհանդեսների, աշխատարանների, վարպետության դասերի, հանդիպել ականավոր հյուրերի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հնչեցին մրցանակակիրների անունները, տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին Կինոյի տանը։
«Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի առաջին տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը։
Երկրորդ տեղի օժանդակություն-մրցանակը տրվեց Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատմանը:
Երրորդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն է, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա։
Կարճամետրաժ ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման արժանացավ Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը։
Հաղթող կարճամետրաժ ավարտական լավագույն ֆիլմ ճանաչվեց «8-րդ օրը», որի հեղինակներն են Ագաթ Սինիշալը, Ալիսիա Մասսեն, Էլիզ Դեբրույնը, Ֆլավի Կարին, Տիո Դյուոտուան (Ֆրանսիա):
Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։
Կարճամետրաժ ֆիլմերի առաջին տեղի մրցանակը տրվեց Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը» ֆիլմին:
Լիամետրաժ ֆիլմերի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը» ֆիլմը:
Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ»-ի արժանացավ Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Ադամ Էլիոթի «Խխունջի երազը»:
CoReAct համարտադրության հարթակի հաղթող նախագծերը ևս հայտարարվեցին:
«Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթեց «Այծեմնիկ» նախագիծը, ռեժիսոր/պրոդյուսեր` Էլինա Երկատյան:
3-րդ տեղում «Քուլ Դաուն» նախագիծն է, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան (Zrah Studio):
2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է, ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր՝ Սուսաննա Խաչատրյան (OnOff Studio):
1-ին տեղում «Տատիկն ու ստվերը» նախագիծն է, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production:
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: «ՌեԱ»-ի կայացմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընթերցեց նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում ասվում է՝ Հայաստանում անցկացվող փառատոնները դարձել են երկրի մշակութային կյանքի անբաժան և կարևոր մասը, և դրանցից յուրաքանչյուրն առանձնանում է ոչ միայն նեղ ոլորտային ուղղվածությամբ, այլև իր յուրահատկություններով: Անդրեասյանը շնորհավորել է փառատոնի հիմնադիրներին ու մասնակիցներին՝ նշելով, որ «ՌեԱ»-ն մեծ տոն է բոլորի համար:
«Նախորդ տարի «ՌեԱ» փառատոնը տոնեց 15-ամյակը, և այն իրավամբ կարելի է համարել մեր տարածաշրջանի կարևոր անիմացիոն իրադարձությունը: Այս տարի փառատոնն առանձնանում է ոչ միայն ֆիլմերի մեծ ընտրությամբ, այլև կրթական բաղադրիչով՝ վարպետության դասեր, դասախոսություններ, պանելային քննարկումներ, որոնք ներկայացնում են միջազգային հեղինակություն ունեցող արվեստագետների: Ուրախալի է, որ ֆիլմերի ցուցադրություններից զատ գործում են «ՄարԱնի» անիմացիոն շուկան և ReA Comics հարթակը, որը հնարավորություն է տալիս առավել լրջացնել պատկերապատման արվեստը»,-ասվում է ուղերձում:
Նախարարն ընդգծել է, որ ստեղծման օրից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել՝ Հայաստանում անիմացիոն արվեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիայի դպրոցը ներկայանալի դարձնելու ուղղությամբ:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «ՌեԱ» փառատոնի կայացման առթիվ շնորհավորեց փառատոնի հիմնադիրներին, մասնակիցներին, հաղթողներին, ժյուրիի անդամներին: Նա նշեց, որ Եվրամիությունը հովանավորում է, աջակցում է «ՌեԱ»-ին, որը Հայաստանի ամենահեղինակավոր փառատոններից է, և իրենք հավատում են ստեղծագործ մտքին, հավատում են ստեղծարար մարդկանց, նորարարություններին և փոխակերպումների ուժին:
«ՌեԱ»-ի հիմնադիր-նախագահ Վրեժ Քասունիի խոսքով՝ տարիներ շարունակ աշխատել են, որ անիմացիան դառնա կինո, և մարդիկ գան փառատոնին, չկարողանան տոմսեր գտնել ու պայքարեն ֆիլմ դիտելու համար:
«Այս տարի մենք նման բանի ականատեսը եղանք: Մարդիկ հերթ էին կանգնում տոմս ձեռք բերելու համար, ինչը մեր և ձեր հաջողությունն է: Մենք ցույց տվեցինք, թե կինոն ինչ է, թե ինչ է անիմացիոն կինոն և մեր նախնիների՝ Լև Ատամանովի, Վալենտին Պոդպոմոգովի, Ռոբերտ Սահակյանցի և այլ մեծերի առաջ մեր պարտքը կատարեցինք»,-նշեց Քասունին և հավելեց՝ 16 տարի փառատոնը փակում չի անում, այլ հայտարարում է հաջորդ տարվա բացումը:
Նա բեմ հրավիրեց երգահան Էդվարդ Զորիկյանին, որի «Հուսո առագաստ» երգով ազդարարեցին «ՌեԱ» 2025-ի մեկնարկը: Վրեժ Քասունին շեշտեց՝ հույս ունեն, որ ամեն բան ավելի լավ է լինելու, ավելի առաջ են գնալու և մեծ բարձունքների են հասնելու:
Փակմանը ներկաները ոչ միայն տեղեկացան, թե ովքեր են մրցանակակիրները, այլև մասնակցեցին շվեյցարացի անիմատոր, ռեժիսոր Ժորժ Շվիցգեբելի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը:
«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) 2009 թվականին հիմնադրել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին։ Այն խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։
«ՌեԱ» փառատոնի նպատակը Հայաստանում, Հարավային Կովկասում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։
Փառատոնը կազմված է 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմեր, MarAni անիմացիոն շուկա և Rea Comics Art-ը։
Իր հիմնադրման օրվանից ի վեր «ՌեԱ» փառատոնը ներգրավել է ավելի քան 40 հազար հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն 130 հովանավորից, հյուրընկալել է ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օր․՝ Տիցիանա Լոսկի, Ժան-Պոլ Կոման, Դեվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդին, Բիլ Փլիմփթոն և այլն) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։