Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցությամբ ողբերգական վթարից
Հոկտեմբերի 26-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմանենրում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել գիշերը՝ ժամը 03:45-ի սահմաններում՝ Մազմանյան փողոցի շրջանաձև՝ ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել էր բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։