ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, որը տարածաշրջանում կայունության և անվտանգության համար իրական սպառնալիքներ է ստեղծում», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ:
Հայտարարության համաձայն՝ ակնհայտ է, որ վերոնշյալի արմատական պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է՝ հիմնված Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հայտնի որոշումների վրա, ինչը անընդհատ աճող լարվածություն է հրահրում։
«Մենք ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի արագ կարգավորումը, որը կբավարարի բոլոր խելամիտ խաղացողների շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - հավելել է Մարիա Զախարովան։
Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։
«Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։