Սահմանադրական դատարանի նախագահը հյուրընկալել է ապագա իրավագետներին
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան են այցելել Հայաստանի եվրոպական համալսարանի և Գլաձոր համալսարանի իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները։
Ապագա իրավագետներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացրել Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերությունները, Սահմանադրական դատարանի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակներում ՍԴ նախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցերի։
Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողներին հորդորել է ցուցաբերել բարձր առաջադիմություն, հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհը հարթել բացառապես գիտելիքների միջոցով և մասնագիտական ձեռքբերումները ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության: