Կայացել է մշակութային ժառանգության պահպանության ռազմավարական հարցերին նվիրված քննարկում․ ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ուրախ են ներկայացնել վերջերս կայացած մշակութային ժառանգության պահպանության ռազմավարական հարցերին նվիրված իրենց քննարկման մանրամասները, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ագարակ համայքնում՝ նույնանուն բացառիկ հնավայրի և 5000-ամյա բնակատեղի անմիջական հարևանությամբ։
«Open World ծրագրի մի խումբ շրջանավարտների մասնակցությամբ բովանդակալի քննարկում ծավալվեց մշակութային ժառանգության պահպանության նորարարական մոտեցումների վերաբերյալ։
Դիտարկվեցին հետևյալ թեմաները․
ժառանգության պահպանության հիմնական մարտահրավերները, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների ունեցած ազդեցությունը, միջազգային համագործակցության դերը և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ինտեգրումը,
պահպանության աշխատանքներում տեղական համայնքների ներգրավման ռազմավարական հարցերը և հանրային-մասնավոր գործընկերությունների կարևորությունը,
թվային հարթակների, վիրտուալ իրականության, ընդլայնված իրականության և արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման նպատակով»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։