Մոսկվայում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կայացել է «Հայաստանը քաղաքակրթության օրրան» խորագրով ցուցահանդես, որտեղ Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի կտավների կողքին ներկայացված էին նաեւ մոսկվայաբնակ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն նշել է, որ հին ու հարուստ պատմություն ունեցող Հայաստանը մարդկությանը միշտ հիացրել ու շարունակում է հիացնել քաղաքակրթական ահռելի ժառանգությամբ:
«Սովորելու և սովորեցնելու մեծ առաքելությունը հայ ժողովրդին միշտ մղել է լինել առաջիների շարքում: Եվ նման միջոցառումները ժամանակի մեջ մի պահ այդ առաքելությունը վերագնահատելու հնարավորություն են ընձեռնում։ Հատկանշական է, որ հատկապես աշխարհի համար այս ծանր ու անցումային ժամանակաշրջանում կրկնակի է կարեւորվում մշակութային ժառանգության արժեքը»,- նշել է Գաբբեն և հավելել, որ ծանրագույն ժամանակները հաղթահարելու և վերածնունդ ապրելու լավագույն միջոցը հենց արվեստն ու մշակույթն են:
Միջոցառմանը, որին մասնակցում էին արվեստասեր համայնքի հայ և օտարազգի ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հնչել են նաեւ երաժշտական կատարումներ։