Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում կան տասնյակ զոհեր
Իսրայելը վերջին մի քանի ժամերի ընթացքում մի շարք հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի տարբեր շրջաններում։ Պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում վաղ առավոտյան իսրայելական հարվածից 28 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ըստ աղբյուրների՝ Իսրայելի բանակը թիրախավորել է Խան Յունիսի ալ Մանարայի շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկը։ Կան նաև տասնյակ վիրավորներ։
WAFA-ն նաև հաղորդում է, որ վաղ առավոտյան Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի «Քամալ Ադվան» հիվանդանոցի վրա։ Ըստ ականատեսների՝ զինվորները ներխուժել են հիվանդանոց՝ հիվանդներին հրահանգելով տեղափոխվել գլխավոր բակ։
Հիվանդանոցի տնօրենը հայտարարել է, որ իսրայելական ուժերի շարունակական գնդակոծությունների պատճառով փշրվել են հիվանդասենյակների ապակիները։ Ըստ գործակալության՝ հիվանդանոցը շրջապատվել է գիշերը, իսրայելական ռազմական մեքենաները կրակել են հաստատության վրա, զինվորները թույլ չեն տվել, որ կարևոր մատակարարումներ հասնեն հիվանդանոց։
Al Jazeera-ն հաղորդում է, որ հիվանդանոցին հասցված հարվածների հետևանքով «սպանվել է մի քանի երեխա»։ Հստակ տվյալներ չեն հաղորդվում։
Իսկ հոկտեմբերի 24-ին, ըստ WAFA-ի, Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարում բնակելի համալիրին հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել է մոտավորապես 150 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Զոհերի և վիրավորների հստակ թիվը չի նշվում։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Telegram-ում հաղորդում է, որ շարունակել է գործողությունները Գազայի հատվածում՝ Ջաբալիայում «ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների» և ահաբեկչական ենթկառուցվածքներ։ ԻՊԲ-ն հաղորդում է նաև Գազայի կենտրոնական և հարավային շրջաններին հասցված հարվածների մասին, որոնց արդյունքում, ըստ հաղորդագրության, սպանվել են ահաբեկիչներ, ոչնչացվել ահաբեկչական ենթակառուցվածքներ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 42 800 մարդ, վիրավորվել՝ 100 400-ը։ Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։