Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Կապս գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։
Ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տղամարդը ներկայացրել է յուրահատուկ հոտով, 48 գրամից ավելի զանգված։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Տղամարդը տան բակից ոստիկաններին է ներկայացրել նաև պոլիէթիլենային տոպրակ՝ 68 գրամից ավելի քաշով կանաչավուն կիսաչոր զանգվածով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին։