ԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը. Գուտերեշ
ԲՐԻԿՍ-ը կկարողանա նպաստել միջազգային անվտանգության ամրապնդմանը և աջակցել պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում ընթացող «աութրիչ» («ԲՐԻԿՍ պլյուս») նիստում։
«Մենք պետք է ամենուրեք պաշտպանենք ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները, օրենքի գերակայությունը և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքները: Ապագայի գագաթնաժողովը (խմբ.՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-23-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման նախաշեմին) նախանշել է բազմակողմանիության ամրապնդման ուղեգիծը՝ ի շահ գլոբալ զարգացման և անվտանգության: Այժմ հարկավոր է խոսքը գործով հաստատել: Մենք հավատում ենք ԲՐԻԿՍ-ին և այն բանին, որ միավորումը կարող է կարևոր դեր խաղալ առաջադրված նպատակներին հասնելու գործում»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները, գործընկեր երկրները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։