Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը. այսօր հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Պատվաստումները միլիոնավոր մարդկանց պաշտպանում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցից առաջացած բարդություններից: Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն ամբողջ աշխարհում գրեթե վերացել է, վայրի պոլիովիրուսի շրջանառությունը դեռևս շարունակվում է միայն Աֆղանստանում և Պակիստանում, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները, սակայն կարող են հիվանդանալ նաև ավելի բարձր տարիքի անձինք։
Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը: Իսկ կարգավիճակի հետագա պահպանման համար անհրաժեշտ է ապահովել բնակչության կոլեկտիվ անընկալությունը: 2020 թվականից մեր երկրում պոլիոմիելիտի կենդանի բերանային պատվաստանյութից անցում է կատարվել ինակտիվացված բաղադրիչով համակցված պատվաստանյութի:
Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է»։