Կլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ և Գերմանիայի ՍԴ-ների միջև իրավական երկխոսության ամրապնդմանը
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, ՍԴ նախագահը նշել է, որ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների, ինչպես նաև սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Արման Դիլանյանը կարևորել է երկու երկրների Բարձր դատարանների միջև հարաբերությունների զարգացումը՝ ժողովրդավարական արժեքների, իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական արդարադատության ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու սահմանադրականությունը անվտանգության, կայունության ու զարգացման գրավականն են։ Դեսպան Կլաուդիա Բուշն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի Սահմանադրական դատարանի և Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի միջև ինչպես աշխատանքային մակարդակում, այնպես էլ՝ փոխայցելությունների միջոցով փորձի փոխանակմանը, իրավական երկխոսության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։