ՄԻՊ-ը ծանոթանալ է «Փրկություն» կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք:
Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:
Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին։
Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնի անձնակազմի աշխատանքային պայմաններին։
Կենտրոնի սաները Պաշտպանին անակնկալ են մատուցել. նրանք հանդես են եկել պարային ծրագրով: Անահիտ Մանասյանը շահառուներին հանձնել է հուշանվերներ։
Այցի ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն. Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։