Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։
Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի Անգլիկան Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնին, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսին և հանձնախմբի անդամներին` տեղեկություններ փոխանցելով հանձնախմբի աշխատանքների ընթացքի մասին։
Վեհափառ Հայրապետը ողջունել է հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` կարևորելով եկեղեցիների միջև երկխոսությունն ու գործակցությունն ի նպաստ մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նման նախաձեռնություններին։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով Հայաստանի ու հայրենազրկված արցախահայության առջև ծառացած դժվարություններին, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անաղարտ պահպանության ու գերիների վերադարձման խնդիրներին, կարևոր նկատել է քրիստոնեական եկեղեցիների միասնական հետևողական ջանքերի ներդրումը դրանց հաղթահարման և արդարության հաստատման գործում։
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Քույր Եկեղեցիներին այս ծանր ու դժվարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։
Հանդիպմանը հանձնախմբի անդամները, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին աջակցելու համար, կիսվել են Մայր Աթոռից և Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։ Հյուրերն ընդգծել են, որ այցի շրջանակներում առիթ ուենցան նաև ի մոտո ծանոթանալու տեղահանված արցախահայերի դժվարին կացությանը՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը բերելով հայ ժողովրդին։